Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Արտահանողի առաջ դուռը փակելով՝ ներմուծողին էլ, ի վերջո, կկանգնեցնենք փակ դռան առաջ

Արտահանողի առաջ դուռը փակելով՝ ներմուծողին էլ, ի վերջո, կկանգնեցնենք փակ դռան առաջ
07.11.2008 | 00:00

ՀԱՅԵԼԱՅԻՆ ԱՐՏԱՑՈԼՈՒՄ
Արդեն ավանդույթ է դարձել, որ ՀՀ պետեկամուտների կոմիտեի հարկային ծառայությունը հրապարակում է 300 խոշոր հարկատուների ցուցակը: Փաստը, ինչ խոսք, գովելի է այն առումով, որ հասարակությունը տեղեկանում է, թե հայաստանյան այս կամ այն խոշոր ընկերությունն ինչքան հարկ է վճարում և այդպիսով նպաստում երկրի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը: Սակայն սա հարցի մի կողմն է: Մյուս կողմից, ուսումնասիրելով հարկատուների ցուցակը, կարելի է հստակ պատկերացում կազմել երկրի տնտեսության իրական վիճակի մասին, հասկանալ դրա կառուցվածքն ու զարգացման հնարավորությունները:
Ըստ այդմ, պարզվում է, որ Հայաստանի տնտեսական կառուցվածքը, իրոք, այնքան էլ ամուր և հուսալի չէ: Այն, որ ՀՀ առաջին տասը խոշոր հարկատուների ցանկում միայն երկու արտադրողի ես հանդիպում, արդեն իսկ մտահոգիչ է: Թեև վերջին մի քանի տարիներին ՀՀ թիվ մեկ հարկատուի պատիվը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային» կոմբինատինն էր, սակայն, այս տարվա 9 ամիսների կտրվածքով, այս հսկան հայտնվել է 2-րդ հորիզոնականում՝ իր տեղը զիջելով «Ղ-Տելեկոմ» ընկերությանը: Ինչ խոսք, այս փաստը պայմանավորված է նրանով, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամի արդյունքում, վերջին մի քանի ամիսներին անշեղորեն նվազում են ինչպես պղնձի, այնպես էլ մոլիբդենի գները: Եթե դեռևս ամռանը պղնձի մեկ տոննան արժեր 8000 դոլար, ապա ներկայումս այն իջել է 3000-3500 դոլարի: Այսինքն, Հայաստանից արտահանվող հիմնական ապրանքատեսակի միջազգային գների կտրուկ անկումն իսկապես մեծ վնաս կարող է հասցնել առանց այն էլ արտահանման բավականին ցածր ներուժ ունեցող Հայաստանի տնտեսությանը։ Տասնյակում տեղ գտած մյուս ընկերությունները հիմնականում ներմուծող և ծառայություններ մատուցող կազմակերպություններ են: «Ղ-Տելեկոմի», «ՀայՌուսգազարդի», «Բիլայնի», «Հայաստանի էլեկտրական ցանցերի» եկամուտները հիմնականում կախված են սպառողներից, այսինքն, եթե այդ ծառայություններից շատ օգտվեն, ապա այդ ընկերությունների եկամուտները կաճեն, իսկ կրճատման պարագայում, պարզ է, իսկույն նվազում կգրանցվի: Նույնը նաև` «Ալեքս-Գրիգ» ընկերությունը, որը պատկանում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին և հիմնականում զբաղվում է սննդամթերքի ներմուծմամբ, կամ բենզինի ներկրմամբ զբաղվող «GPS» և «Ֆլեշ» ընկերությունները, որոնց եկամուտը ևս կախված է սպառողների տրամադրությունից և հնարավորություններից:
Այն, որ Հայաստանում իսկապես շատ են ծխողները, փաստում է այն հանգամանքը, որ խոշոր հարկատուների 14-րդ հորիզոնականում է «Պարես-Արմենիա» ՀՁ-ն, որը, սակայն, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրկնակի պակաս հարկ է վճարել: Հիշեցնենք, որ ծխախոտի ներկրմամբ զբաղվող այս ընկերությունում մասնաբաժին ունի նաև Սուքիասյանների ընտանիքը, և քաղաքական նկատառումներից ելնելով, մաքսային պետական կոմիտեն խոչընդոտում էր ծխախոտի ներմուծմանը, ինչի պատճառով էլ այս ընկերության հարկերի ցուցանիշը կտրուկ անկում է ապրել: Իսկ ցուցակի 19-րդ և 32-րդ հորիզոնականներում համապատասխանաբար հանգրվանել են դարձյալ ծխախոտի ներկրմամբ զբաղվող «Արս-Օյլ» և «Հարդ-Լայթս» ընկերությունները: ՈՒսումնասիրելով հարկատուների ցուցակը՝ կարելի է եզրակացնել, որ Հայաստանում, իսկապես, օր օրի ավելանում է մեքենաների թիվը, քանի որ հարկատուների ցանկում բավականին առաջատար տեղեր են գրավում «Տոյոտա-Երևան», «Մուրան» և «Կարկոմավտո» ընկերությունները: Այս պարագայում, թերևս, սփոփիչ կարող է լինել այն, որ հայ սպառողը հիմնականում նախապատվությունը տալիս է տեղական ծխախոտին և «Գրանդ Տոբակո», «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերություններին հարկատուների ցուցակում ներմուծողներից վեր բարձրացնում:
Վերջերս՝ ՀՀ հարկադիր պետական ծառայության «գրոհից» հետո, հարկադիր պարապուրդի մատնված «Բջնի» հանքային ջրերի գործարանը, պարզվում է, Հայաստանի խոշոր 300 հարկատուների ցուցակում այնքան էլ վատ դիրքում չէ (161-րդ հորիզոնական), սակայն դա չի խանգարում, որպեսզի փակման վտանգին դեմ հանդիման հայտնվի։ Փակելով արտադրանք թողարկող և արտահանող մի ձեռնարկություն, կարծում ենք, համենայն դեպս պետք է ուշադրություն դարձվեր հարկատուների ցուցակին, որից պարզ է դառնում, թե ինչու ենք մենք շատ ներմուծում և քիչ արտահանում: Արտադրողի նկատմամբ նման վերաբերմունքի պարագայում դժվար է հուսալ, թե դրսի գործարարները ցանկություն կհայտնեն Հայաստանում արտադրություն հիմնել և մրցունակ արտադրանք թողարկել: Իսկ միայն ներմուծման հաշվին ապահովել տնտեսական աճ, բնականաբար, հնարավոր չէ։
Ատոմ ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 9618

Մեկնաբանություններ